Iravaban.net-ը հրավիրում է քաղաքական ուժերին՝ ներկայացնել նախընտրական ծրագրերի իրավական, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների բաղադրիչները՝ հատուկ հարցազրույցների շարքում

Iravaban.net-ը նախաձեռնում է հարցազրույցների հատուկ շարք՝ նվիրված առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի իրավական, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության բաղադրիչներին։
Նախաձեռնության հիմնական նպատակն է ապահովել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն ունենան ծանոթանալ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի այն էական բաղադրիչներին, որոնք ուղղակիորեն վերաբերում են իրենց առօրյա կյանքին և իրավունքներին՝ իրավական ոլորտի բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմներ և մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ։
Նախաձեռնության շրջանակում բոլոր քաղաքական ուժերին առաջարկվում է մասնակցել անվճար հարցազրույցների, որոնց ընթացքում հնարավորություն կունենան մանրամասն ներկայացնելու՝
Իրավական բաղադրիչը՝ օրենսդրական նախաձեռնությունները, դատական համակարգի բարեփոխումների տեսլականը, դատարանների անկախության ամրապնդման մեխանիզմները, փաստաբանական ինստիտուտի զարգացման ծրագրերը, իրավապահ մարմինների արդյունավետության և մարդեկենտրոն լինելու ապահովման ուղիները, իրավական պետության ամրապնդման մեխանիզմները, օրենքի գերակայության ապահովման ուղիները,
Հակակոռուպցիոն բաղադրիչը՝ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը, հակակոռուպցիոն մարմինների անկախության ապահովման մեխանիզմները, հակակոռուպցիոն կառուցակարգերի արդյունավետության բարձրացման միջոցները, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման գործիքակազմը, կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման միջոցառումները,
Մարդու իրավունքների բաղադրիչը՝ քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության երաշխիքները, սոցիալ-տնտեսական իրավունքների իրացման մեխանիզմները, խոցելի խմբերի իրավունքների ապահովման ծրագրերը։
Հարցազրույցների շարքը չի լինելու բանավեճային ձևաչափով։ Յուրաքանչյուր քաղաքական ուժի կտրամադրվեն հավասար ժամանակ և միևնույն պայմանները՝ ապահովելով հավասար հնարավորություններ և անկողմնակալ հարթակ։ Քաղաքական ուժերը կարող են ինքնուրույն ընտրել իրենց ներկայացուցիչներին՝ լինեն դա ընտրացուցակի գլուխներ, իրավագետներ, ծրագրերի մշակման պատասխանատուներ կամ ոլորտային մասնագետներ։
Ինչպես նախապես հայտարարել ենք՝ Iravaban.net-ը հրաժարվում է քաղաքական գովազդից, այսպիսով պահպանելով չեզոքություն և անկախություն։ Շարունակում ենք առաջնորդվել բացառապես այդ մոտեցմամբ՝ պահպանելով հավասար և անաչառ վերաբերմունք բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ։ Այս հարցազրույցների շարքը հրապարակախոսական նախագիծ է, որն ուղղված է քաղաքացիների տեղեկացվածության բարձրացմանը և ոչ թե որևէ քաղաքական ուժի առավելության ապահովմանը։
Քաղաքացիները իրավունք ունեն իմանալու, թե ինչպիսի իրավական համակարգում, ինչպիսի հակակոռուպցիոն մեխանիզմներով և ինչպիսի մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներով են ապրելու հինգ տարի անց։ Այս հարցազրույցների շարքը յուրահատուկ հնարավորություն է քաղաքական ուժերի համար՝ անմիջականորեն դիմելու քաղաքացիներին և մանրամասն ներկայացնելու իրենց ծրագրերի այն բաղադրիչները, որոնք հաճախ մնում են ընդհանուր նախընտրական ռիթորաբանության հետևում։
Քաղաքական ուժերը հնարավորություն ունեն մինչև երկուշաբթի՝ մայիսի 12-ը, ժամը 17:00-ն հաստատել իրենց մասնակցությունը։ Անհրաժեշտ է գրել [email protected] էլեկտրոնային փոստին՝ կցելով պատասխանատու անձի կոնտակտային տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ)։
Հարցազրույցները կհրապարակվեն Iravaban.net կայքում և Iravaban.net-ի սոցիալական ցանցերում՝ ապահովելով լայն հասանելիություն և պահպանելով յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացրած տեղեկատվության ամբողջականությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել