Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պետությանը հանձնված հողամասը կամրացվի Պետգույքի կոմիտեին

Iravaban.net-ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 7-ի չզեկուցվող որոշումը, որով նախատեսվում է հավանություն տալ «Անշարժ գույք ամրացնելու մասին» կառավարության որոշման նախագծին։

Նախագծով առաջարկվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան հատվածում գտնվող 20,5657 հեկտար մակերեսով հողամասը, որը պետության սեփականությանն է անցել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի թիվ ՀԿԴ/0044/02/26 քաղաքացիական գործով 2026 թվականի մարտի 5-ի վճռով հաստատվել է ՀՀ գլխավոր դատախազության և պատասխանողներ Մանուկ Հակոբյանի, Սվետա Ավետիսյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը։

Հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սեփականությանն է անհատույց հանձնվել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան հատվածում գտնվող 20,5657 հեկտար հողամասը։ Նշված տարածքից 8,083 հեկտարը արոտավայր է, իսկ 12,4826 հեկտարը՝ այլ հողատեսք։

Գույքի գրանցումն ու իրավական գործընթացը

Նշված գույքի նկատմամբ արդեն գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը և տրամադրվել է պետական գրանցման համապատասխան վկայականը։

Քանի որ անշարժ գույքը որևէ պետական մարմնի ամրացված չէ, ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն անհրաժեշտ է համարել շրջանառել համապատասխան իրավական ակտ՝ գույքը միակողմանի ընդունելու նպատակով։

Կառավարության նախագծի նպատակը

Պետական գույքի կառավարման կոմիտեն մշակել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է նշված հողամասը ամրացնել կոմիտեին։

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։

Կապը կառավարության ծրագրի հետ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել