Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ուղերձով

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կուսակցությունների և դաշինքների առաջնորդներ, թեկնածուներ, համակիրներ և գաղափարակիցներ,

Մեկնարկում է հերթական ընտրական գործընթացի նախընտրական քարոզարշավը՝ մի փուլ, որը յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար ունի առանձնահատուկ քաղաքական և արժեքային նշանակություն։ Ընտրությունները միայն իշխանության ձևավորման սահմանադրական մեխանիզմ չեն․ դրանք մեր հանրային հասունության, քաղաքական մշակույթի, փոխադարձ հարգանքի և պետության հանդեպ պատասխանատվության կարևորագույն չափանիշներից են։

Ժողովրդավարությունը կենսունակ է այնքանով, որքանով հասարակությունը վստահում է սեփական ձայնի ուժին և համոզված է, որ իր կամարտահայտությունը պաշտպանված է, լսելի և ազդեցիկ։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել։ 2018 թվականից հետո մեր երկրում անցկացված ընտրությունները էապես ամրապնդեցին հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ հաստատելով ազատ կամարտահայտության, թափանցիկության և ընտրական արդյունքների լեգիտիմության նոր քաղաքական իրականություն։ Սա մեր պետականության կարևոր ձեռքբերումներից է, որը պահանջում է շարունակական պատասխանատվություն և հետևողական զարգացում։

Այս ընտրական փուլը ևս պետք է դառնա քաղաքական մտքի, գաղափարների և ապագայի վերաբերյալ մրցակցող տեսլականների առողջ ու արժանապատիվ բանավեճի հարթակ։ Հանրային խոսքը, հատկապես քաղաքական պայքարի օրերին, ձևավորում է հասարակական մթնոլորտ, ազդում քաղաքացիների տրամադրությունների, վստահության և համերաշխության վրա։ Հետևաբար չափազանց կարևոր է, որպեսզի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը, թեկնածուները և նրանց համակիրները առաջնորդվեն քաղաքական էթիկայի, հանրային պատասխանատվության և պետական մտածողության բարձր գիտակցությամբ։

Քարոզարշավը պետք է կառուցվի ոչ թե վիրավորանքի, անհանդուրժողականության կամ հասարակությունը բաժանարար գծերով տարանջատելու, այլ գաղափարների, ծրագրերի, սկզբունքների և երկրի զարգացման ուղիների շուրջ։ Քաղաքական մրցակցությունը կարող է լինել սուր, բայց այն երբեք չպետք է կորցնի բարեկրթության սահմանները, որովհետև ժողովրդավարության ուժը ոչ միայն ազատ խոսքի, այլև այդ ազատությունն արժանապատվորեն կրելու կարողության մեջ է։

Մեր պետության հիմքում մարդն է՝ իր արժանապատվությամբ, իրավունքներով, ազատությամբ և պատասխանատվությամբ։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ քաղաքական գործընթացների առանցքում հենց ինքն է՝ ոչ որպես միջոց, այլ որպես բարձրագույն արժեք։ Սա այն սկզբունքն է, որը պետք է ուղեկցի թե՛ քաղաքական պայքարը, թե՛ պետական կառավարման ամբողջ համակարգը։

Միաժամանակ կարևոր եմ համարում ընդգծել, որ ընտրական գործընթացում ներգրավված բոլոր պետական մարմինները, տեղական ինքնակառավարման կառույցները, իրավապահ և վերահսկող հաստատությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և հանրային պետական շահի գերակայությամբ՝ ապահովելով հավասար պայմաններ, օրինականություն և հանրային վստահության շարունակական ամրապնդում։

Համոզված եմ, որ քաղաքական հասունության, հանրային փոխադարձ հարգանքի և քաղաքացիական պատասխանատվության պայմաններում մենք կարող ենք անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք ոչ միայն կարտահայտեն ժողովրդի ազատ կամքը, այլև նոր ուժ կհաղորդեն մեր ժողովրդավարական ինստիտուտներին, պետական կայունությանը և ազգային համերաշխությանը։

Մաղթում եմ, որպեսզի այս ընտրական գործընթացը դառնա արժանապատիվ քաղաքական մրցակցության, հանրային վստահության և ժողովրդավարական արժեքների վերահաստատման օրինակ՝ հանուն Հայաստանի Հանրապետության ամուր, իրավական և ապագային վստահ նայող պետության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել