Ադ հոք, թե՞ ինստիտուցիոնալ արբիտրաժ․ ո՞րն է վեճերի լուծման առավել արդյունավետ տարբերակը

Ադ հոք, թե՞ ինստիտուցիոնալ արբիտրաժ․ ո՞րն է վեճերի լուծման առավել արդյունավետ տարբերակը։

Միջազգային առևտրային արբիտրաժային ինստիտուտը ապրիլի 29-ին Մանթաշյանց գործարարների ակումբի հետ համատեղ կազմակերպել էր պանելային քննարկում՝ նվիրված այս թեմային, որտեղ մեկ հարթակում համախմբվել էին գործարար և իրավաբանական ոլորտների ներկայացուցիչներ։

Քննարկմանը մասնակցում էին միջազգային արբիտր, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը, Հայաստանի արբիտրների ասոցիացիայի նախագահ Արամ Խաչատրյանը և «Քեյս Լենս» (Case Lens) ընկերության համահիմնադիր, տնօրեն Արամ Աղաբաբյանը՝ ներկայացնելով ոլորտային տարբեր մոտեցումներ և փորձառություն։

Քննարկումների շրջանակում մասնագետները փորձել են պարզ և մատչելի ձևով ներկայացնել Ադ հոք և ինստիտուցիոնալ արբիտրաժների տարբերությունները՝ նպաստելով, որպեսզի բիզնես համայնքը կարողանա ավելի իրազեկ որոշումներ կայացնել։ Սա, ըստ կազմակերպիչների, հնարավորություն կտա ոչ միայն բարձրացնել իրազեկվածությունը, այլև ապահովել վեճերի ավելի կանխատեսելի լուծումներ և կնքել առավել արդյունավետ պայմանագրեր։

Հաճախ պայմանագիր կնքելիս ուշադրությունը կենտրոնանում է բովանդակության և ֆինանսների վրա, իսկ վեճերի լուծման մեխանիզմները մնում են ստվերում։ Մինչդեռ հենց դրանք են հետագայում որոշում բիզնեսի ժամանակային և ֆինանսական կորուստները, ընդգծելով վեճերի լուծման նախապես մտածված լինելու կարևորությունը։

«Քեյս Լենս» (Case Lens) ընկերության համահիմնադիր, տնօրեն Արամ Աղաբաբյանը նշեց, որ բիզնես ոլորտում արբիտրաժային համաձայնությունը հիմնականում ներառվում է գրեթե բոլոր պայմանագրերում՝ ընդգծելով, որ կարևոր է ոչ միայն, թե ում հետ եք պայմանագիր կնքում, այլև՝ ինչ արժեք ունի այն։

Ադ հոք թե՞ ինստիտուցիոնալ արբիտրաժ։ Միջազգային արբիտր Տարոն Սիմոնյանը ներկայացրեց դեպքեր իր պրակտիկայից, երբ ադ հոք արբիտրաժը չի գործել՝ պայմանագրերում ոչ հստակ կամ սխալ ձևակերպումների պատճառով։ Նրա խոսքով՝ որոշ դեպքերում արբիտրաժային կազմը չի ձևավորվել, քանի որ նշված անձինք համաձայնություն չեն տվել որպես արբիտր ներգրավվելու համար։ Արդյունքում կողմերը ստիպված են եղել վերադառնալ վեճերի լուծման դասական՝ դատական ճանապարհին։

Միջազգային արբիտր Արամ Խաչատրյանն իր հերթին նախապատվություն է տվել Ադ հոք արբիտրաժին՝ նշելով, որ  այն հատկապես միջազգային գործընկերների հետ աշխատելիս կարող է լինել ավելի ճկուն և ծախսարդյունավետ տարբերակ։ Նրա գնահատմամբ՝ այն թույլ է տալիս կիրառել միջազգային ընդունված կանոններ՝ առանց կոնկրետ արբիտրաժային կենտրոն ընտրելու, ինչն ավելի ընդունելի է դարձնում գործընթացը կողմերի համար։

Միջազգային առևտրային արբիտրաժային ինստիտուտի տնօրեն Գոհար Ավագյանը կարևորեց նման ձևաչափի քննարկումները՝ նշելով, որ դրանց հիմնական նպատակներից մեկը արբիտրաժի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է հասարակության շրջանում։

Վեճերի լուծումը ժամանակակից բիզնեսի կայունության կարևորագույն գործոններից է։ Գործարքների հիմքում վստահությունն է, սակայն այն պահանջում է նաև ռիսկերի ճիշտ գնահատում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել