Պապին Ռուբենի Բեյբությանի գործով հերթական դատական նիստը անցկացվեց ապրիլի 3-ին Երևանում։ Նիստի ընթացքում կողմերը ներկայացրին իրենց եզրափակիչ ելույթները՝ անդրադառնալով մեղադրանքի հիմնավորվածությանը և ներկայացված ապացույցներին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Պապին Ռուբենի Բեյբությանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում. «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի, «քրեական հեղինակություն»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ալիկ Բանդուրյանը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով հեղինակություն և ունենալով «քրեական հեղինակություն»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է, հանցագործության կատարումը հովանավորելը, այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը, բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը, անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը, առնվազն մինչև 2024 թվականի փետրվարի 16-ը շարունակելով պահպանել «քրեական հեղինակություն»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես, իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը (խնդիրը) լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց հանձնարարություններ տալու եղանակով: Իր հերթին, Պապին Ռուբենի Բեյբությանը, Ռուբեն Վանիկի Ավետիսյանի և այլոց հետ, ստանալով ու կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի, «քրեական հեղինակություն»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հանձնարարությունները, մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը:
Նախ խոսեց պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը, ով ընդգծեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը հիմնված չէ բավարար և հստակ ապացույցների վրա։ Նա նշեց, որ գործով առկա է իրավական անորոշություն՝ կապված «քրեական ենթամշակույթ» հասկացության հետ, ինչը, ըստ նրա, թույլ չի տալիս օբյեկտիվորեն գնահատել Բեյբությանի գործողությունները։
Այնուհետև ելույթ ունեցավ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, ով նույնպես պնդեց, որ մեղադրանքը չի հիմնավորվում ապացույցներով։ Նա անդրադարձավ գործի նյութերին և նշեց, որ չկա որևէ վստահելի տվյալ, որը կհաստատի մեղադրյալի մասնակցությունը ենթադրյալ խմբավորմանը կամ նրա կապը գործով հիշատակվող անձանց հետ։
Դրանից հետո դատարանում ելույթ ունեցավ դատախազը, ով պատասխանեց պաշտպանների բարձրացրած հարցերին և պնդեց, որ մեղադրանքը հիմնավորված է։ Նրա խոսքով՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար է՝ հաստատելու ինչպես խմբավորման գոյությունը, այնպես էլ Բեյբությանի մասնակցությունը դրան։
Ըստ մեղադրանքի՝ Պապին Ռուբենի Բեյբությանը մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, որը ղեկավարել է «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի Ալիկ Բանդուրյանը։ Վերջինս, ըստ գործի նյութերի, պահպանել է քրեական հեղինակության բարձր կարգավիճակը և իր ազդեցությունն օգտագործելով՝ հանձնարարություններ է տվել խմբավորման անդամներին՝ տարբեր հարցեր լուծելու նպատակով։
Նշվում է, որ Բեյբությանը, այլ անձանց հետ միասին, ստացել և կատարել է այդ հանձնարարությունները, ինչի արդյունքում, ըստ մեղադրանքի, ներգրավվել է խմբավորման գործունեության մեջ։
Պաշտպանական կողմը, սակայն, հակադարձեց այս պնդումներին՝ նշելով, որ գործով ներկայացված ապացույցները բավարար չեն նման եզրակացության համար։
Նիստը ավարտվեց կողմերի ելույթներով, և դատարանը առաջիկայում պետք է կայացնի որոշում՝ գնահատելով ներկայացված փաստարկներն ու ապացույցները։













