Մասիսի դատարանում շարունակվում է աղմկահարույց գործի քննությունը․ ներկայացվել են նոր ապացույցներ

2025 թվականի մարտի 31-ին Արտաշատի դատարանում կայացած հերթական դատական նիստում քննարկվել է աղմկահարույց քրեական գործով մեղադրյալ Արման Մաթևոսյան նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը, ինչպես նաև շարունակվել է ապացույցների հետազոտումը։

Նիստը, որը նախ անցկացվել էր դռնփակ կարգով՝ համապատասխան միջնորդության քննարկման անհրաժեշտությունից ելնելով,  շարունակվել է դռնբաց ռեժիմով։ Դատարանը, մերժելով միջնորդությունը ըստ էության, որոշել է ապահովել դատական քննության հրապարակայնությունը՝ հաշվի առնելով նաև հանրային հետաքրքրությունն ու լրատվամիջոցների մասնակցության հանգամանքը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկա են եղել գործով անցնող մեղադրյալները, պաշտպանական և մեղադրական կողմերի ներկայացուցիչները։

Դատարանում շարունակվել է ապացույցների ուսումնասիրությունը։ Մասնավորապես ներկայացվել են ներքին լսումների  վերծանումներ, որոնք, ըստ պաշտպանական կողմի, էական նշանակություն ունեն գործի հանգամանքների գնահատման համար։ Ձայնագրություններից մեկում տարբեր անձանց միջև տեղի ունեցող խոսակցությունների ընթացքում հնչել են տարբեր անուններ՝ կապված ենթադրյալ կրակողի ինքնության հետ, ինչն ըստ պաշտպանների, վկայում է, որ դեպքի վերաբերյալ հստակ պատկերացում չի եղել նույնիսկ անմիջական շրջանակում գտնվող անձանց մոտ։

Պաշտպանական կողմը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ որոշ խոսակցություններում առկա են ցուցմունքների հնարավոր համաձայնեցման կամ ենթադրությունների հիման վրա ձևավորման ակնարկներ՝ ընդգծելով, որ նման պայմաններում ստացված տեղեկությունները չեն կարող դիտվել որպես անվիճելի ապացույցներ։

Նիստի ընթացքում ներկայացվել են նաև բջջային օպերատորից ստացված տվյալներ, որոնց միջոցով փորձ է արվում վերականգնել դեպքի օրը անձանց տեղաշարժն ու հաղորդակցությունները։ Ըստ գործի նյութերի՝ որոշ հեռախոսահամարներ օգտագործվել են այլ անձանց կողմից, իսկ զանգերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մի շարք անձինք գտնվել են դեպքի վայրին հարակից տարածքներում։

Ապացույցների մեծածավալության հաշվառմամբ՝ դատարանը որոշել է ձայնագրությունների ամբողջական ուսումնասիրությունը շարունակել հաջորդ դատական նիստում՝ առաջարկելով կողմերին նախապես առանձնացնել առավել կարևոր հատվածները։

 Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2026 թվականի ապրիլի 8-ին, ժամը 15:00-ին։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել