Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում շարունակվում է Արմեն Սաքապետոյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հերթական դատական նիստի ընթացքում կողմերը ներկայացրին իրենց դիրքորոշումները՝ կապված ընկերություններում կատարված ներդրումների, փոխառությունների և դրանց օրինականության գնահատման հետ։
Դատախազության ներկայացուցիչը նշեց, որ գործի հիմքում դրված է այն հանգամանքը, որ մի շարք ընկերություններում իրականացվել են ներդրումներ, որոնք չեն հիմնավորվել օրինական եկամուտներով։ Նրա խոսքով՝ այդ պատճառով ներկայացվել է տվյալ ընկերություններում մասնակցության բռնագանձման պահանջ։ Ընդգծվեց, որ որոշ դեպքերում փոխառությունները չեն ճանաչվել որպես օրինական՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դրանք կատարվել են կանխիկ եղանակով կամ չեն արտացոլվել բանկային գործարքներում։
Պատասխանող կողմը, ի դեմս Արմեն Սաքապետոյանի և նրա ներկայացուցիչների, վիճարկեց այս մոտեցումը՝ այն որակելով ոչ բավարար հիմնավորված։ Նրանց պնդմամբ՝ նույնատիպ իրավիճակներում դատախազությունը ցուցաբերում է տարբեր մոտեցումներ՝ մի դեպքում պահանջելով ընկերության բաժնեմասի բռնագանձում, իսկ այլ դեպքերում՝ ոչ։
Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ կատարվեց «Իսթեյթ Ինվեսթմենթ» ընկերությանը, որի մասով դատարանում հնչեցին փոխառությունների վերաբերյալ կոնկրետ տվյալներ։ Դատախազության ներկայացուցիչը հայտնեց, որ ըստ աշխատանքային հաշվարկների՝
- 2018 թվականին ընկերությանը տրամադրվել է շուրջ 100 մլն դրամ փոխառություն, որից ավելի քան 63 մլն դրամը չի հիմնավորվել օրինական եկամուտներով,
- 2019 թվականին՝ մոտ 16 մլն դրամ, ամբողջությամբ չհիմնավորված,
- 2020 թվականին՝ շուրջ 43.6 մլն դրամ, որից մոտ 29.5 մլն դրամը համարվել է չհիմնավորված։
Պատասխանող կողմը հակադարձեց, որ այդ փոխառությունները հետագայում վերադարձվել են, և դատախազության կողմից դրանք կրկնակի հաշվառվել են որպես «ապօրինի մնացորդ», ինչը, ըստ նրանց, խեղաթյուրում է ընդհանուր պատկերը։ Նշվեց նաև, որ հայցի ներկայացման պահին իրավիճակը փոխված է եղել, և տվյալ ընկերությունում արդեն հակառակ հարաբերությունն էր՝ ոչ թե ընկերությունն էր պարտք Սաքապետոյանի, այլ՝ Սաքապետոյանը ընկերությանը։
Պատասխանող կողմը նաև հարց բարձրացրեց, թե ինչու դատախազությունը որոշ ընկերությունների դեպքում ներկայացնում է բաժնեմասի բռնագանձման պահանջ, իսկ մյուսների դեպքում՝ ոչ, թեև, ըստ նրանց, իրավիճակները համադրելի են։ Դատախազության ներկայացուցիչը պարզաբանեց, որ յուրաքանչյուր ընկերության դեպքում գնահատումը կատարվում է առանձին՝ հաշվի առնելով գործունեության տեսակը, ֆինանսական հոսքերը և փոխառությունների ծավալը։
Նիստի ընթացքում քննարկվեց նաև պետական աջակցության ծրագրերի շրջանակում ներգրավված միջոցների հարցը։ Պատասխանող կողմը նշեց, որ ընկերություններից մեկը ստացել է շուրջ 180 մլն դրամ վարկ պետական ծրագրի շրջանակում, ինչպես նաև իրականացրել է ներդրումներ, այդ թվում՝ գյուղատնտեսական ծրագրերում։ Նրանց պնդմամբ՝ կիրառված արգելանքները խաթարել են ծրագրի իրականացումը, ինչի հետևանքով բանկը ժամանակավորապես դադարեցրել է ֆինանսավորումը։
Դատախազության ներկայացուցիչը, իր հերթին, ընդգծեց, որ պետական միջոցների օրինականությունը կասկածի տակ չի դրվում, սակայն վիճարկվում են այն ներդրումները, որոնք, ըստ իրենց, չեն հիմնավորվում օրինական եկամուտներով։
Քննարկման ընթացքում դատարանը կողմերին հորդորեց հստակեցնել իրենց դիրքորոշումները և ներկայացնել կոնկրետ փաստական տվյալներ՝ յուրաքանչյուր ընկերության մասով առանձին։ Նշվեց, որ ապացույցների գնահատումը կիրականացվի դատաքննության համապատասխան փուլում։
Դատական նիստը հետաձգվեց հաշվի առնելով դատարանի ծանրաբեռնվածությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հաջորդ օրը՝ մարտի 19-ին, ժամը 15:00-ին։











