Նոր կարգավորում՝ էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդեցությունը նվազեցնելու համար

Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված նախագիծը, որը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով փոփոխություններ և լրացումներ կատարել 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ։Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոխում է էլեկտրամիացման կանոնները․ նոր կարգ՝ շենքերի և խոշոր սպառողների համար

Նոր կարգավորումը վերաբերում է 6(10) կՎ լարմամբ համակարգերին և բազմաբնակարան շենքերին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ կատարել 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ՝ վերանայելով էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցին միացման գործող կանոնները։

Նախագծի համաձայն՝ փոփոխությունները վերաբերում են 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերին, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման միացման ընթացակարգին։

Էլեկտրամիացումը նախատեսվում է իրականացնել տեխնիկական պայմանների միջոցով

Ըստ նախագծի՝ առաջարկվում է նշված համակարգերը բաշխման ցանցին միացնել Հայաստանի էլեկտրական ցանցեր-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա։

Հանձնաժողովում նշում են, որ գործնականում այդպիսի սպառողներին սպասարկող ենթակառուցվածքները հիմնականում չեն օգտագործվում այլ բաժանորդների սնուցման համար, ինչն էլ հիմք է դարձել գործող ընթացակարգերի վերանայման համար։

Կհստակեցվեն ՀԷՑ-ին ենթակառուցվածքների հանձնման պայմանները

Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել տեխնիկական պայմանների տրամադրման պահանջները, ինչպես նաև այն դեպքերը, երբ կառուցված ենթակառուցվածքները պետք է հանձնվեն Հայաստանի էլեկտրական ցանցեր-ին։

Նախագծի նպատակն է արագացնել գործընթացն ու նվազեցնել ծախսերը

Հանձնաժողովի գնահատմամբ՝ փոփոխությունների ընդունումը կօգնի ձևավորել ավելի մրցակցային միջավայր, արագացնել նոր հզորությունների կառուցման ժամկետները և ապահովել ավելի մատչելի պայմաններ սպառողների համար։

Միաժամանակ նշվում է, որ նման համակարգերի միացումը բաշխման ցանցին առանց միացման վճարի կարող է նվազեցնել նաև սակագնի վրա ազդեցությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել