Օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների բնակության պայմանների բարելավում․ հանրային քննարկման է դրվել կառավարության նոր նախագիծ

Iravaban.netուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախաիգծը։

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է լրացում կատարել 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ։

 Նախատեսվող լրացումը

ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման 5-րդ հավելվածի 3-րդ կետը նախատեսվում է լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

  • Օտարերկրյա պետության ռազմաուսումնական հաստատությունում ուսման գործուղված պարտադիր ժամկետային զինծառայողների (կուրսանտների) դեպքում, անկախ ռազմաուսումնական հաստատությանը կից բնակելի ֆոնդ տրամադրված լինելու հանգամանքից, ուսումնառող յուրաքանչյուր մինչև չորս կուրսանտի հաշվարկով կարող է, ըստ անհրաժեշտության, վարձակալվել մեկ բնակելի տարածություն՝ ուսումնական արձակուրդների, հանգստյան և տոնական օրերի ընթացքում բնակվելու նպատակով։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունումը պայմանավորված է օտարերկրյա պետություններ ուսման գործուղված պարտադիր ժամկետային զինծառայող կուրսանտների կեցության խնդիրների լուծման անհրաժեշտությամբ՝ հատկապես ուսումնական արձակուրդների, հանգստյան և տոնական օրերի ընթացքում։

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարության և գործընկեր օտարերկրյա պետությունների միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության շրջանակներում օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված կուրսանտները բնակվում են տվյալ հաստատությունների տարածքում գտնվող զորանոցներում՝ տեղացի կուրսանտների հետ համատեղ։

Միաժամանակ, ուսումնական արձակուրդների, ինչպես նաև հանգստյան և տոնական օրերի ընթացքում ռազմաուսումնական հաստատությունների կենսաապահովման ենթակառուցվածքները՝ ճաշարանները, լվացքատները և այլ ծառայություններ, հաճախ չեն գործում կամ գործում են սահմանափակ ռեժիմով։ Այդ ընթացքում տեղացի կուրսանտները հիմնականում վերադառնում են իրենց բնակության վայրեր, իսկ ՀՀ ԶՈՒ կուրսանտները շարունակում են մնալ ռազմաուսումնական հաստատությունում։

Արդյունքում առաջանում են կենցաղային, հանգստի կազմակերպման և հոգեբանական խնդիրներ, որոնք կարող են անդրադառնալ նաև ուսումնառության և ծառայության արդյունավետության վրա։

Ներկայիս կարգավորմամբ, եթե հրավիրող կողմի ռազմաուսումնական հաստատությունը տրամադրում է բնակելի ֆոնդ, փոխհատուցվում է միայն այդ ֆոնդի վարձավճարը։ Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ նաև լրացուցիչ բնակելի տարածք վարձակալել՝ մինչև չորս կուրսանտի հաշվարկով մեկ բնակարան սկզբունքով։

 Առաջարկվող կարգավորման  բնույթը և նպատակը

  • Կուրսանտներին հնարավորություն կընձեռվի ուսումնական արձակուրդների, հանգստյան և տոնական օրերի ընթացքում բնակվելու համար վարձակալել առանձին բնակելի տարածք։
  • Վարձակալության գումարը կփոխհատուցվի գործող կարգավորումներով սահմանված չափերով։
  • Կարգավորումը նպատակ ունի բարելավել օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների սոցիալական և կենցաղային պայմանները, ինչպես նաև աջակցել նրանց բարոյահոգեբանական կայունությանը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության  նախարարության կողմից։

Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող կարգավորման արդյունքում նախատեսվում է․

  • բարելավել օտարերկրյա պետություններում սովորող կուրսանտների կեցության պայմանները,
  • նվազեցնել ուսումնական արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի ընթացքում առաջացող կենցաղային խնդիրները,
  • նպաստել զինծառայողների սոցիալական ապահովության երաշխիքների ընդլայնմանը,
  • բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունն ու բարոյահոգեբանական ապահովվածությունը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի դրույթների հետ, մասնավորապես՝

  • ապագայամետ ռազմական կրթության ապահովման,
  • զինծառայողների սոցիալական ապահովման երաշխիքների մեծացման,
  • զինվորական ծառայության շահադրդման մեխանիզմների կատարելագործման,
  • զինծառայողի հեղինակության բարձրացման ուղղություններով։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

  • Նախագծի ընդունումը կհանգեցնի լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտության։
  • Նախատեսվում է, որ տարբեր երկրներում տարեկան մինչև 12 բնակարանի վարձակալության դեպքում լրացուցիչ ծախսը կարող է կազմել մինչև 97,632.7 հազար դրամ, որը կիրականացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին։

Նախատեսվում է, որ օրենքներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել