Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» (IRD Engineering) իտալական ընկերության միջև ստորագրվել է ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը, որով պաշտոնապես տրվել է ծրագրի մեկնարկը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։
Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, «ԱՅ․ ԱՐ․ ԴԻ․ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին, ինչպես նաև Կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Հայաստանի համար ծրագրի ռազմավարական նշանակությունը․ «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնը պարզապես խոշոր ենթակառուցվածքային նախագիծ չէ․ այն կարևոր քայլ է Հայաստանը տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դիրքավորելու ճանապարհին։ Ծրագիրը նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության գործնական արտացոլումն է, քանի որ այն դառնալու է տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության ժամանակակից ու նորագույն տեխնիկայով հագեցած ենթակառուցվածք»։
Ըստ միջոցառմանը ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների, Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը կարևոր ներդրում է տարածաշրջանային համագործակցության և առևտրի դյուրացման, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման գործում։
Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ստորագրել են ՊԵԿ գլխավոր քարտուղար Դավիթ Մաթևոսյանը և «ԱՅ.ԱՐ.ԴԻ.ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին։
Այս խոշոր նախաձեռնությամբ Հայաստանի հարավում կձևավորվի նոր տնտեսական և լոգիստիկ հանգույց՝ միտված միջազգային բեռնափոխադրումների և մաքսային գործընթացների սպասարկման արդիականացմանը, ինչպես նաև ժամանակակից և թվայնացված մաքսային միջավայրի ձևավորմանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14.4 մլն եվրո և ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի European Bank for Reconstruction and Development (EBRD)
վարկային ու դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Կենտրոնը կկառուցվի Սյունիքի մարզի Շաքի համայնքի հարակից տարածքում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին կից և միտված է դեպի հարավ իրականացվող բեռնափոխադրումների դյուրացմանը՝ ապահովելով մաքսային գործընթացների արագ և թվայնացված սպասարկում։ Նորաստեղծ կենտրոնը կգործի «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ բիզնեսին հնարավորություն տալով մեկ վայրում իրականացնել բոլոր անհրաժեշտ մաքսային գործընթացները՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ, սահմանազատման գործընթացները կազմակերպել ավելի արագ։
Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2027 թվականին։
Մանրամասները՝ հղումով։
Մանրամասները՝ հղումով։













