Նոր կարգավորումներ անշարժ գույքի ոլորտում․ առաջարկվում է հաստատել կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի պայմանագրի օրինակելի ձևը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախատեսվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում համապատասխան գործիքակազմի տեղադրումից և գործարկումից հետո, սակայն ոչ ուշ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս անց։

Ի՞նչ կարգավորումներ են նախատեսվում

 Նախագծով առաջարկվում է կարևոր լրացում՝

  • Պայմանագրերի օրինակելի ձևերի ընդլայնում՝
  • ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման N 2 հավելվածը կլրացվի կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի պայմանագրի օրինակելի ձևով։
  • Սա հնարավորություն կտա համապատասխան պայմանագրերը կնքել առանց նոտարական վավերացման՝ պահպանելով սահմանված ձևը։
    • Էլեկտրոնային հարթակների կիրառման խթանում՝
  • Պայմանագրերը կարող են կնքվել Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում։
  • Նոր գործիքակազմի ներդրումը կնպաստի տվյալների ճշգրտման և գործընթացների թվայնացմանը։
    • Օրենսդրական փոփոխությունների իրականացում՝
  • Նախագիծը բխում է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված օրենսդրական փոփոխություններից (Քաղաքացիական օրենսգիրք և գույքի գրանցման մասին օրենք)։
  • Քաղաքացիական օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով արդեն սահմանվել է, որ որոշ խառը պայմանագրեր կարող են կնքվել առանց նոտարի՝ կառավարության հաստատած ձևերին համապատասխան։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  • Գործող կարգավորումները ամբողջությամբ չէին ապահովում կառուցվող անշարժ գույքի ձեռքբերման և հիփոթեքային գործարքների միասնական և պարզեցված ընթացակարգ։
  • Օրենսդրական վերջին փոփոխություններից հետո առաջացել է անհրաժեշտություն՝ համապատասխանեցնել կառավարության որոշումները նոր իրավական պահանջներին։
  • Առկա էր նաև էլեկտրոնային գործարքների ամբողջական կարգավորման բաց, ինչը կարող էր առաջացնել գործնական դժվարություններ։

Կարգավորման առարկան և բնույթը

  • Նախագիծը նպատակ ունի լրացնել գործող որոշումը՝ սահմանելով կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի պայմանագրի օրինակելի ձև։
  • Կարգավորումը ունի տեխնիկական և կիրառական բնույթ՝ ապահովելով իրավական գործընթացների միատարրություն։

 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը 

Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումն ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կադաստրի կոմիտե» բաժնի 10-րդ կետի 10․4-րդ ենթակետերով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով, այն է՝ առցանց մատուցվող ծառայությունների շարունակական զարգացման, բարելավման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Ակնկալվող արդյունքը

  • Էլեկտրոնային ծառայությունների զարգացման և կիրառման ընդլայնում
  • Գործարքների նոտարական վավերացման պահանջի նվազեցում՝ պարզեցված ընթացակարգերի միջոցով
  • Քաղաքացիների և ֆինանսական կազմակերպությունների համար գործընթացների արագացում և կանխատեսելիություն
  • Անշարժ գույքի գործարքների իրավական անվտանգության բարձրացում
  • Տվյալների ճշգրտման և շտեմարանների համադրման գործընթացների խթանում

Նախագծի կարգավորումներին և Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի պայմանագրի օրինակելի ձևին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել