Երկու զինծառայող մեղադրվում են բռնության, հալածանքի և ինքնասպանության փորձի դրդման համար

2026 թվականի մայիսի 5-ին Սյունիքի մարզի հակակոռուպցիոն դատարանում քննության է առնվել քրեական գործը, որով Ա․Շ․-ին և Հ․Ն․-ին մեղադրանք է առաջադրվել զինծառայողների նկատմամբ բռնի գործողությունների, նվաստացման և հալածանքի համար։ Ըստ մեղադրանքի՝ Ա․Շ․-ն տարբեր առիթներով բռնի գործողություններ է իրականացրել մի քանի զինծառայողների նկատմամբ՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ինչն անզգուշությամբ հանգեցրել է զինծառայող Զ.Բ․-ի ինքնասպանության փորձի։ Գործը մակագրվել է դատավոր Գոռ Գասպարյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Դեպքի հանգամանքները

Ա․Շ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ժամկետային զինծառայողներ,Զ.Բ․-ի, Ա.Մ․-ի կողմից ավտոհավաքակայանում պահակային ծառայությունում ընդգրկված լինելու ժամանակահատվածում մեքենաների բենզաբաքերից քննությամբ չպարզված անձանց կողմից կատարված բենզինի գողության, ինչպես նաև, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա.Ա․-ի, շարքային Ա.Գ․-ի կողմից ճաշարանի վերակարգում թերանալու պատճառով, սպայական սենյակում այլ բռնի գործողություններ է կատարել երկուսից ավելի անձանց նկատմամբ՝ պատճառելով վերջիններիս ֆիզիկական ցավ, այդպիսով վերը նշված բոլոր գործողություններն անզգուշությամբ առաջացրել են Զ.Բ․-ի կողմից ինքնասպանության փորձ կատարելու ձևով ծանր հետևանքներ:

Հ․Ն․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, նշանակված լինելով մարտական հերթապահության, որպես դիտորդ, պարբերաբար հակաիրավական վարքագիծ է դրսևորել ծամկետային զինծառայող, շարքային Զ.Բ․-ի նկատմամբ, սեռական բնույթի տարբեր անցենզուր հայհոյանքներ է հասցրել նրան՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը, ապա մարտական դիրքի կացարանում հեռախոսաքարտի հաշվին գումար չունենալու մասին իրեն ստելու պատճառով այլ բռնի գործողություն է կատարել նրա նկատմամբ՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ինչպես նաև ծխախոտի գողություն կատարելու պատճառով նրան պատժելու նպատակով խլել և իր մոտ է պահել Զ.Բ․-ի անձնական իրերն ու հիգիենայի պարագաները՝ այդպիսով հալածանքի ենթարկելով Զ.Բ․-ին, այդպիսով նկարագրված գործողությունների արդյունքում առաջացած խիստ ընկճված հոգեվիճակում Զ.Բ․-ն իրեն ամրակցված ինքնաձիքից մենահատ կրակոց է արձակել որովայնի շրջանում, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներում ինքնասպանությունն ավարտին չի հասցրել:

Մեղադրյալ Ա․Շ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Մեղադրյալ  Հ․Ն․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ։

Ա․Շ․-ին և Հ․Ն․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 359-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար՝ նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում։ Մեղադրանքը վերաբերում է գործողությունների, որոնք արտահայտվել են անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով, ինչպես նաև զուգորդվել են բռնության գործադրմամբ։

Նախատեսվող պատիժը՝ ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել