Կկարգավորվի, թե որ դեպքերում արտաքին հետախուզության ծառայողն իրավունք կունենա զենք և հատուկ միջոցներ կիրառել

ԱԺ-ի կողմից 2020 թվականից ի վեր ընդունվել է աշխատանքային օրենսդրության մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ հայրության արձակուրդի մասին կարգավորում: Առաջարկվում է նաև Արտաքին հետախուզության ծառայության մասին իրավահարաբերություններում նախատեսել նման կարգավորում: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 6-ի նիստին ասաց Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Առաջարկվող փոփոխությունները մի քանիսն են: Օրինակ՝ առաջարկվում է Արտաքին հետախուզության ծառայության պետի և տեղակալի պաշտոնում նշանակվելու համար պահանջ սահմանել, որ այդ անձինք կարող են լինել միայն ՀՀ քաղաքացիներ: Այս պահի դրությամբ հանրային ծառայության օրենսդրությամբ դրանք ծառայության պաշտոններ չեն, այլ վարչական պաշտոններ են:

Մեկ այլ փոփոխության համաձայն՝ առաջարկվում է իրավական հիմք նախատեսել զենքի և հատուկ միջոցների կրման կարգը սահմանելու համար:

«Արտաքին հետախուզության ծառայության ծառայողներին թույլ է տրվում կրել և պահել հաշվեցուցակային զենք և հատուկ միջոցներ: Այսինքն՝ այս պահի դրությամբ գործող օրենքով սա արդեն բարեփոխված կարգավորում է: Նրանք իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ կիրառել, զենք և հատուկ միջոցներ:

Սրա հետ մեկտեղ առաջարկում ենք իրավական հիմք նախատեսել զենքի և հատուկ միջոցների կրման կարգը սահմանելու համար, ինչպես նաև լուծել այն հարցը, որ կարգավորված չէ, թե ո՛ր դեպքերում կամ ինչ կարգով ծառայողը հնարավորություն կամ իրավունք է ունենալու կիրառել զենք և հատուկ միջոցներ: Նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան լրացում և լուծել հարցը»,- ասաց նա:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ծառայությունը 3 տարի է, ինչ գործում է, այս ընթացքում ծառայողները զենք կիրառելու անհրաժեշտություն ունեցե՞լ են, Քրիստիննե Գրիգորյանն արձագանքեց՝ զենք և հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտություն առաջացել է, որովհետև ծառայությունն է 24/7 ռեժիմով ապահովում իր իսկ ենթակառուցվածքների անվտանգությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել