2026 թ. հուլիսի 1-ից՝ 2 տարվա ընթացքում կարող եք հետ վերադարձնել թերությամբ ապրանքը

Որպես կանոն ապրանքների երաշխիքային ժամկետը սահմանվում է վաճառողի կամ արտադրողի կողմից։ Սակայն շատերը չգիտեն, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի նոր փոփոխությունը՝ պարտադիր 2 տարի երաշխիքային ժամկետի և ապրանքը հետ վերադարձնելու իրավունքի մասին։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, 2026 թվականի ապրիլի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները։

Պարտադիր 2 տարի երաշխիք

Օրենքի 6-րդ հոդվածի նոր 5.1-ին մասի համաձայն՝ վաճառողը պարտավոր է սահմանել 5.1-րդ եւ 5.2-րդ հոդվածներով նախատեսված ապրանքների, այդ թվում՝ թվային բովանդակությամբ ապրանքների համար առնվազն երկու տարվա երաշխիքային ժամկետ՝ որի ընթացքում այդ ապրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում վաճառողը պարտավոր է բավարարել սպառողի պահանջները։

Ապրանքը հետ վերադարձնելու իրավունք

Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ սպառողն իրավունք ունի պահանջել առուվաճառքի պայմանագրի լուծում։ Այդ դեպքում սպառողը պարտավոր է վերադարձնել թերություններով ապրանքը, իսկ վաճառողը պետք է հետ վերցնի իր հաշվին եւ այն ստանալուն պես կամ սպառողի կողմից ապրանքները հետ ուղարկելու մասին ապացույց ներկայացնելուն պես վերջինիս վերադարձնի ապրանքների համար վճարված գումարը։

Ե՞րբ կարելի է հետ վերադարձնել

Օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սպառողն իրավունք ունի պահանջելու առուվաճառքի պայմանագրի լուծում հետևյալ դեպքերում՝

  • վաճառողը չի իրականացրել ապրանքի թերությունների անհատույց վերացումը կամ նմանօրինակ նմուշի ապրանքով ապրանքի փոխարինումը, կամ մերժել է այդ պահանջները,
  • անհամապատասխանությունը ի հայտ է գալիս, չնայած վաճառողի՝ ապրանքի թերությունների անհատույց վերացման փորձին,
  • անհամապատասխանությունը այնքան լուրջ բնույթ ունի, որ հիմնավորվում է առուվաճառքի պայմանագրի անհապաղ լուծումը,
  • վաճառողը հայտարարել է, կամ ակնհայտ է, որ վաճառողը չի կարողանա վերացնել ապրանքի թերությունները ողջամիտ ժամկետում։

Ինչ ժամկետում պետք է տեղեկացնել

Օրենքի 17.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում սպառողը գրավոր կարող է վաճառողին ներկայացնել պահանջները ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ հայտնաբերել է այդպիսի անհամապատասխանությունը։

Աննշան թերություն

Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ապրանքի թերության աննշան լինելու դեպքում սպառողը չի կարող պահանջել առուվաճառքի պայմանագրի լուծում։ Թերության աննշան լինելու ապացուցման պարտականությունը կրում է վաճառողը։

Օգտագործված ապրանքների համար

Օրենքի 6-րդ հոդվածի նոր 8-րդ մասի համաձայն՝ վաճառողը օգտագործված ապրանքի համար իրավունք ունի սահմանել առավել կարճ երաշխիքային ժամկետ, որը սակայն չի կարող պակաս լինել քան մեկ տարին։

Թվային բովանդակությամբ ապրանքներ

Օրենքի 6-րդ հոդվածի նոր 5.2-րդ մասի համաձայն՝ եթե թվային բովանդակությամբ ապրանքների ձեռքբերման վերաբերյալ առուվաճառքի պայմանագիրը նախատեսում է շարունակական մատակարարում ավելի քան երկու տարով, վաճառողը պատասխանատու է ցանկացած անհամապատասխանության համար՝ առուվաճառքի պայմանագրով նախատեսված մատակարարման ողջ ժամանակահատվածում։

Ե՞րբ է ուժի մեջ մտնում

Օրենքի համաձայն՝ փոփոխությունները ուժի մեջ են մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։

Ուշադրություն. հուլիսի 1-ից հետո վաճառված ապրանքների համար պարտադիր է սահմանել առնվազն 2 տարի երաշխիքային ժամկետ։ Այդ ժամանակահատվածում թերություն հայտնաբերելու դեպքում սպառողն իրավունք ունի պահանջել ապրանքի վերանորոգում, փոխարինում կամ գումարի վերադարձ՝ ապրանքը հետ վերադարձնելով, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Iravaban.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել