Կներկրվի 45 նոր տրոլեյբուս

Կառավարության որոշմամբ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին թույլատրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ Ընկերությունը մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսում է տրոլեյբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության՝ նոր ներկրվող 45 տրոլեյբուսով։  Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներկրել YUTONG BUS ZK6128BEVG մակնիշի՝ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, 25+3 փափուկ նստատեղերի առկայությամբ և ոչ պակաս, քան 85 ուղևորի տեղափոխման հնարավորությամբ, ինքնավար վազքով, սրահի տաքացման և սառեցման համակարգով օժտված 45 անռելս տրոլեյբուս, ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի 5 երթուղին համալրել նոր շարժակազմով և էականորեն ավելացնել վերգետնյա էլեկտրատրանսպորտի որակյալ ծառայություններից օգտվողների քանակը։

Տրոլեյբուսային ցանցի հնարավոր զարգացումը կբեռնաթափի նաև հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ՝ իրականացնելով բնակչության ապահով ու անվտանգ տեղափոխումն էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4․3 մլրդ դրամի ներդրում տրոլեյբուսների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 245 աշխատատեղ՝ 375 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 280-ի՝ 391 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 432 մլն դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել