Որպես կանոն վարորդների կատարած իրավախախտումների համար կիրառվում են տուգանքներ և տուգանային միավորներ։ Սակայն շատերը չգիտեն, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է հինգ կոնկրետ խախտումներ, որոնց համար հանվում է 3 տուգանային միավոր։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է հետևյալ խախտումները՝
Խախտումները և տուգանքները
- Ապակիների լուսաթափանցելիության խախտմամբ վարելը կրկնելը
Օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ապակիների լուսաթափանցելիության՝ օրենսդրությամբ սահմանված չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 29,000 դրամ, տուգանային միավորի կիրառում՝ 3 միավոր։
- Հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը
Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 25,000 դրամ, տուգանային միավորի կիրառում՝ 3 միավոր։
- Միակողմանի երթևեկությամբ ճանապարհով հակառակ ուղղությամբ վարելը
Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում՝ հետընթաց) վարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20,000 դրամ, տուգանային միավորի կիրառում՝ 3 միավոր։
- Բաժանարար գոտին չնախատեսված վայրերում հատելը
Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20,000 դրամ, տուգանային միավորի կիրառում՝ 3 միավոր։
- Արագությունը 31-50 կմ/ժ գերազանցելը
Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 25,000 դրամ, տուգանային միավորի կիրառում՝ 3 միավոր։
Ուշադրություն. վարորդական վկայական ունեցող անձը տարեկան ունի 13 տուգանային միավոր։ Վերը նշված հինգ խախտումներից յուրաքանչյուրը հանում է 3 միավոր։
Հիշեք՝ տուգանքների հաշվարկման հիմքում ընկած է 1,000 դրամի հաշվարկման միավորը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Եթե ցանկանում ես իմանալ, թե որ 2 խախատումների համար է վարարորդներից հանվում 4 միավոր, կարող ես սեղմել այս հղմանը։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Iravaban.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։












