Եվրոպական հանձնաժողովը (DG ENEST) և Firebird AI-ը հայտարարում են թվային և էներգետիկ ոլորտներում ռազմավարական համագործակցության վերաբերյալ հռչակագրի ստորագրման մասին, որի նպատակն է ամրապնդել Հայաստանի դիրքը՝ որպես տեխնոլոգիական, արհեստական բանականության և կայուն ենթակառուցվածքների տարածաշրջանային կենտրոն։
Կողմերը համատեղ հաստատում են իրենց ընդհանուր նպատակը՝ առաջ մղել ԵՄ-Հայաստան համագործակցությունը թվային և էներգետիկ ենթակառուցվածքներում ռազմավարական ներդրումների միջոցով՝ հաջակցություն դիմադրողականության, նորարարության, մրցունակության և կայուն աճի։
Փաստաթուղթը ստորագրվել է Երևանում՝ ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման, Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության տնօրեն Ադրիեն Կիրալիի և Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի միջև։ Այն արտացոլում է կողմերի համատեղ ձգտումը՝ լայնածավալ ներդրումների միջոցով խթանելու համագործակցությունը արհեստական բանականության ենթակառուցվածքների և էներգետիկ կայունության ոլորտներում՝ նպաստելով նորարարությանը, մրցունակությանը և երկարաժամկետ տնտեսական աճին։
Firebird AI-ը հայտարարել է Հայաստանում աշխարհի խոշորագույններից մեկը հանդիսացող արհեստական բանականության հաշվարկային կենտրոն ստեղծելու մասին՝ հիմնված Nvidia բարձր արտադրողականությամբ գրաֆիկական պրոցեսորների (GPU) վրա։ Նախագիծը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես ԱԲ տվյալների կենտրոնների հզորությունների առումով գլոբալ առաջատարներից մեկը։
Զուգահեռաբար նախատեսվում է մինչև 1 ԳՎտ հզորությամբ մարտկոցային էներգիայի պահպանման համակարգի (BESS) ներդրում, որը կնպաստի էլեկտրական ենթակառուցվածքի կայունությանը և վերականգնվող էներգիայի ինտեգրմանը։ Եվրոպական հանձնաժողովը ճանաչում և ողջունում է այս նախաձեռնության նշանակալի ազդեցությունը Հայաստանի էներգետիկ համակարգի վրա և խրախուսում է դրա հաջող նախապատրաստումն ու իրականացումը՝ որպես ԵՄ-Հայաստան գործընկերության ներդրում:
Եվրոպական հանձնաժողովը կքննարկի և կուսումնասիրի, թե ինչպես մոբիլիզացնել իր ֆինանսական գործիքակազմը, մասնավորապես՝ EFSD+ շրջանակում, այս նախաձեռնությանը և դրա համապատասխանեցմանը ԵՄ քաղաքականությանը։













