Կսահմանվեն քրեական գործերի քննության հստակ ժամկետներ. ներկայացվել է օրենսդրական նոր փաթեթ

Մայիսի 5-ին գումարված ԱԺ հերթական նիստում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Կառավարության հեղինակած քրեական դատավարության արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն, որի նպատակն է միաժամանակ ապահովել արդար դատաքննության հիմնարար սկզբունքների լիարժեք պահպանումը:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» նախագծով առաջարկվում է սահմանել քրեական գործերի քննության հստակ ժամկետներ: Մասնավորապես, նախատեսվում է, որ քրեական գործը դատարանում պետք է քննվի մեկ տարվա ընթացքում: Միաժամանակ, հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, անհրաժեշտ վարութային գործողությունների ծավալը եւ այլ հանգամանքներ, դատարանը կարող է պատճառաբանված որոշմամբ առավելագույնը երկու անգամ երկարաձգել այդ ժամկետը՝ յուրաքանչյուր անգամ ոչ ավելի, քան մեկ տարով:

Նախարարի խոսքով նշված ժամկետի խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, սակայն չի նշանակելու, որ վարույթի քննությունը համարվում է ավարտված կամ ենթակա է կարճման:

Փաթեթով առաջարկվում է նաեւ դատավորի փոխարինման դեպքում դատական վարույթը շարունակել այն փուլից, որտեղ այն ընդհատվել էր: Մինչ դատական կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները կհամարվեն հետազոտված՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանն անհրաժեշտ կհամարի դրանք կրկին հետազոտել: Միաժամանակ, ապացույցի կրկնակի հետազոտման վերաբերյալ կողմի միջնորդությունը դատարանի համար պարտադիր կլինի: Այս կարգավորումը, ըստ զեկուցողի, բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ նախադեպային իրավունքի պահանջներից:

Նախագծով նախատեսվում է, որ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով ազատության մեջ գտնվող մեղադրյալի միջնորդության դեպքում հնարավոր կլինի դատական նիստ անցկացնել նրա բացակայությամբ՝ բացառելով նիստերի անհարկի հետաձգումները:

Բացի այդ, առաջարկվում է սահմանափակել ավելորդ դատավարական գործողություններն այն դեպքերում, երբ ներկայացվում են մեղադրանքը հերքող կամ քրեական հետապնդումը բացառող նոր ապացույցներ՝ հնարավորություն տալով արագորեն արձագանքել ակնհայտորեն հիմնավորված հանգամանքներին:

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաեւ հիմնական դատալսումների փուլում քրեական հետապնդումը դադարեցնելու եւ վարույթը կարճելու հնարավորություն՝ վերացնելով գործող կարգավորման այն սահմանափակումը, համաձայն որի՝ նման որոշում հնարավոր էր կայացնել միայն նախնական դատալսումների փուլում:

Արդարադատության նախարարի խոսքով փոփոխությունները միտված են ապահովելու դատաքննությունների կանխատեսելիությունը ժամկետների տեսանկյունից, իրականացնել ողջամիտ ժամկետում գործերի քննության սկզբունքը եւ բարձրացնել քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը: Միաժամանակ, առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն բեռնաթափել դատավարական գործընթացը, դարձնել այն առավել ճկուն եւ արագ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը՝ նշելով, որ երկար սպասված նախագիծ է՝ միտված քրեական դատավարության արդյունավետության բարձրացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել