Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից

Կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Նախագծի նպատակն է՝ բարձրացնել Ոստիկանությունում ծառայության գրավչությունը, ծառայողների համար ապահովել սոցիալական լրացուցիչ երաշխիքներ, նպաստել ֆինանսական բեռի էական թեթևացմանը։

✔️Կարգավորումները տարածվելու են Ոստիկանության բոլոր ծառայողների վրա։

✔️Օրենքով սահմանված լիազոր նորմի շրջանակներում Կառավարության որոշմամբ կսահմանվի ծրագրից օգտվելու կարգն ու պայմանները, որով կնախատեսվեն որոշակի առաջնահերթություններ՝ հաշվի առնելով ծառայության վայրը, սոցիալական վիճակը և այլ գործոններ։

✔️Շահերի բախումից և կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով ներկայումս Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում պաշտոնների նշանակումները իրականացվում են այն տրամաբանությամբ, որ տվյալ անձը ծառայությունն իրականացնի ոչ իր բնակավայրում, ինչն էլ առաջացնում է կեցության հետ կապված խնդիրներ։

Աջակցության ծրագրերի արդյունքում կլուծվի ծառայողների բնակարանային ապահովվածության խնդիրը՝ նպաստելով նաև ծառայության արդյունավետության բարձրացմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել