«Վաղ առավոտյան, երբ արևը դեռ նոր էր բարձրանում, հասանք Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի։ Ուսանողները դրոններն օդ էին բարձրացնում ու նկարահանոմ էին տաճարի արտաքին տեսքը։ Երկու արցախցի պատանի մեզ մոտեցան ու սկսեցին հարցեր տալ։ Հետո եկեղեցու քահանան մեզ ներս հրավիրեց, որտեղ թույլ տվեց նկարել ու ձայնագրել, մինչ ինքը շարականներ էր երգում։ Քարե պատերի ակուստիկան նրա ձայնն ավելի տպավորիչ էր դարձնում. Մի ձայն, որը երբեք չեմ մոռանա», — պատմում է 3D մոդելավորման մասնագետ և նորարար լուսանկարիչ Ջեյսոն (Ջեյ) Պերեզը։
Ջեյի համար 2019 թվականին իր թումոյական աշխատարանի ընթացքում ապրած հենց այս պահն է եղել ամենատպավորիչը Արցախում ու Հայաստանում անցկացրած իր օրերից։ Եվ գուցե այս հիշողությունն է նրան ստիպել ևս 9 անգամ վերադառնալ՝ Ստեփանակերտի, Գյումրիի, Երևանի, Դիլիջանի, Կողբի ու Եղեգնաձորի կենտրոնների թումոցիների հետ ընդհանուր առմամբ 10 աշխատարան վարելու։
Թումոյի կրթական ծրագրում աշխատարանները մեծ նշանակություն ունեն։ Դրանց ընթացքում ուսանողները Microsoft, NASA, Google և բազմաթիվ այլ առաջատար միջազգային կազմակերպություններից հրավիրված մասնագետների ղեկավարությամբ ստեղծում են հատուկ նախագծեր՝ աշխատելով իրական խնդիրների վրա։ Աշխատարանների ղեկավարները, չնայած իրենց ծանրաբեռնված գրաֆիկին, հաճախ վերադառնում են՝ Թումոյի ուսանողների հետ սկսած նախագծերը շարունակելու կամ նոր աշխատարան վարելու համար։ Ջեյսոն Պերեզը ամենահաճախ վերադարձող և ամենաշատ աշխատարան վարած մասնագետներից մեկն է։
Ջեյսոն Պերեզի տարբեր տարիների աշխատարաններից
Ջեյի հետ բազմաթիվ ուսանողներ սովորել են աշխատել գերժամանակակից լազերային սկաներներով (Matterport, FARO FOCUS 5) ու դրոններով, ստեղծել են Հայաստանի ու Արցախի հուշարձանների ճշգրիտ եռաչափ մոդելները։ Այդ հուշարձանների մի մասն այժմ անհասանելի է կամ վտանգված՝ Գանձասարը, Դադիվանքը, Ղազանչեցոց եկեղեցին և բազմաթիվ այլ նշանավոր վայրեր։ Դրանք ներկայացնելու համար աշխատարանների մասնակիցները Pix4D Mapper ծրագրով ձևավորել են նաև VR միջավայրեր, ինչը թույլ է տալիս աշխարհի ցանկացած վայրից «այցելել» հուշարձան և ուսումնադիրել դրա ճարտարապետությունը։
Աշխատարանների հետ կապված ամենամեծ մարտահրավերը Ջեյի համար տեխնիկական հմտությունները գեղարվեստական մոտեցման հետ համադրելն է.
«Ես խրախուսում եմ ուսանողներին դիտարկել տեխնոլոգիաները ոչ միայն իբրև գործիք, այլև՝ որպես լեզու, որը նրանք կարող են օգտագործել իրենց պատմությունը պատմելու համար։ Տեխնիկական վարպետությունը ստեղծագործական նպատակներին կապակցելու շնորհիվ է տեղի ունենում իրական աճը»։
Պատանի տարիքում լուսանկարչության հետ ծանոթությունը Ջեյի կյանքում բեկումնային եղավ։ Խցիկը դարձավ պատմություն պատմելու գործիք, որը թույլ է տալիս փոխանցել գաղափարներ, զգացմունքներ և մշակույթ՝ միաժամանակ։ Նա ուսումնասիրեց լուսանկարչություն Փասադենայի ArtCenter College of Design-ում, 10 տարի աշխատեց գովազդի ոլորտում՝ համագործակցելով Travel and Leisure, Forbes, Condé Nast, Netflix և Disney ընկերությունների հետ։
Այնուհետև հետաքրքրասիրությունը մղեց նրան դեպի նոր գործիքներ և տեխնոլոգիաներ, որոնք նաև նոր հեռանկարներ բացեցին Ջեյի առաջ. նախ դեպի դրոնների աշխարհ, որոնք թույլ էին տալիս տեսնել լանդշաֆտը թռչնի թռիչքի բարձրությունից։ Ինչպես նա է ասում՝ շտատիվներ երկնքում։ Իսկ հետո նրա ուշադրությունը գրավեց 3D ոլորտը. VR հեդսեթների, պրոյեկցիոն ծրագրերի ու սկանավորման տեխնոլոգիաների զարգացումը թույլ տվեց ավելի հեռու գնալ՝ ոչ թե զուտ պատկեր ցուցադրել, այլ դիտողի համար ստեղծել տեսողական փորձառություններ և պատմություններ։
2023 թվականին՝ Ջեյի աշխատարաններին զուգահեռ, Թումոն հայտարարեց հայկական պատմամշակութային ժառանգության սկանավորման ընդլայնված ծրագրի մասին, որի նպատակը Հայաստանի հուշարձանների եռաչափ սկանավորումն ու դրանց թվային պահպանումն էր։ Դրա շրջանակում 2020 թվականի պատերազմին հաջորդող շաբաթներին Թումոյի աշխատակիցները թվայնացրել են Արցախի Մարտունի, Մարտակերտ, Ասկերան և Բերձոր շրջանների մի քանի տասնյակ պատմամշակութային վայրեր, իսկ հետագայում նաև Արցախի և Հայաստանի սահմանամերձ հատվածներում գտնվող բազմաթիվ կոթողներ: Այսօր արդեն ծրագրի բազայում 260-ից ավելի թվային հուշարձան կա։
Թումոյի և Ջեյի համագործակցության արդյունքները ցուցադրվել են Վենետիկի 17-րդ միջազգային ճարտարապետական բիենալեին՝ Թումոյի «Սովորել միասին սովորել» թեմայով ինստալյացիայի շրջանակում։
«Հայաստանի աննկարագրելի պատմամշակութային ժառանգությունը արժանի է փաստագրման և հանրահռչակման, և Թումոն տվեց ինձ հնարավորություն աշխատելու տաղանդավոր պատանիների հետ, որոնք սովորելու մեծ ձգտում ունեն», — գոհունակությամբ նշում է Ջեյը։ Իսկ մտաբերելով տարիներ առաջ անցկացված Ղազանչեցոց տաճարի սկանավորման աշխատարանն ու թումոցիներին՝ Ջեյը խոստովանում է. «Նրանց դեմքի հպարտ արտահայտությունը ինձ միշտ հիշեցնում է, թե ինչու է այս գործը կարևոր»։
Ջեյը չի պատրաստվում սահմանափակվել 10 աշխատարանով։ Նա ցանկանում է մշակել ծավալուն կրթական ծրագիր, որը կօգնի ուսանողներին հարաբերվել նորագույն գործիքների հետ՝ լայն մասշտաբով։
Մինչ նոր հանդիպում, Ջե՛յ։









