Երբ պատանի Արևիկ Խաչատրյանն առաջին անգամ ոտք դրեց Թումո Երևան, նա չէր մտածում արհեստական բանականության, նեյրոնային ցանցերի և տվյալների մոդելների մասին։ Նա մտածում էր պինգվինների մասին։
13 տարեկանում Արևիկը հելունով գործում էր փոքրիկ պինգվիններ, որոնցից յուրաքանչյուրն ուներ անհատականություն ու պատմություն։ Անիմացիան դրանք կյանքի կոչելու լավագույն միջոցն էր։ Այսպիսով, երբ Արևիկը եկավ Թումո, նրա ծրագիրը հետևյալն էր՝ անցնել անիմացիայի դասընթացներ, ստեղծել պատմություն, անիմացնել իր պինգվիններին և ստանալ կարճամետրաժ ֆիլմ։
Պարզ ու հասարակ։ Միայն թե, ինչպես բոլոր կրթական ուղիները Թումոյում, Արևիկինը ևս ուղիղ չընթացավ։
Արևիկ Խաչատրյանը երբեք չէր պատկերացնի, որ կկոդավորի կամ կուսումնասիրի մեծ լեզվական մոդելներ.
«Ես պարզապես ցանկանում էի հելունով գործած իմ պինգվիններին կյանք տալ, — ծիծաղելով պատմում է նա, — Թումոյում իմ առաջին օրվանից առաջ մտածում էի միայն անիմացիայի մասին։ Պատկերացնում էի՝ ինչպես էին իմ պինգվինները շարժվելու, խոսելու, իրական կերպարներ դառնալու»։
Ինքնուսուցման նախապայման վարժանքներն անելուց հետո Արևիկն անմիջապես ընտրեց անիմացիայի դասընթացները. «Ակնհայտ ընտրություն էր, — մտաբերում է նա, — ունեի պատմություններ, ունեի կերպարներ, պարզապես պետք է սովորեի ինչպես նրանց դնել շարժման մեջ»։
Որոշ ժամանակ սա նրա աշխարհն էր։ Բայց Թումո փորձառությունը ոգեշնչում է ուսումնասիրել. «Այստեղ էի եկել մեկ նպատակով, բայց երբ սկսեցի սովորել, հասկացա, որ ունեմ ազատություն փորձելու շատ ավելին»։
Արևիկի առաջին անիմացիայի դասընթացի վերջնարդյունքը | Թումո Երևան, 2019
Անիմացիայի դասընթացների միջակայքում Արևիկը փորձեց ռոբոտաշինություն՝ զուտ հետաքրքրությունից դրդված, հետո՝ ծրագրավորում.
«Դա այնպես աստիճանաբար եղավ, որ նույնիսկ չհասկացա՝ ինչպես ուղղությունս փոխեցի։ Ավարտում էի անիմացիայի առաջադրանքս և հետո սենսորներով մի բան էի պատրաստում։ Ապա սկսեցի գրել կարճ script-եր տարբեր սարքերի աշխատանքը բարելավելու համար։ Այդ ժամանակ հասկացա, որ ծրագրավորումն էլ կարող է ստեղծագործական լինել»։
Երբ արդեն Թումոյի 14 ոլորտներից 52 դասընթաց և 10 աշխատարան էր անցել, Արևիկի հետաքրքրությունները փոխվեցին. «Անիմացիան դեռ սրտիս մոտ էր, բայց սկսեցի ավելի շատ ժամանակ անցկացնել տեխնոլոգիաների աշխատարաններում։ Ցանկանում էի հասկանալ՝ ինչպես են տարբեր բաներն աշխատում»։
Այս աշխատարաններից մեկը վարում էր Հարվարդից ժամանած մի մասնագետ.
«Չեմ հիշում առաջին տպավորությունս, — ասում է Արևիկը, — բայց հիշում եմ, թե ինչպես էինք խոսում կոդը գնահատելու մասին։ Նա ասում էր, եթե կոդն աշխատում է, ուրեմն՝ լավ է, դա գործի կեսն է։ Մնացածը կախված է նրանից, թե որքան մաքուր և ընթեռնելի է այն և արդյոք այն գրված է հետագա փոփոխությունները հաշվի առնելով։ Սա միշտ մտքումս է։ Սա սովորեցրեց ինձ, որ լավ կոդը միայն արդյունքների մասին չէ։ Այն ավելի հեռուն տեսնելու մասին է»։
Երբ նա բացահայտեց արհեստական բանականությունը, ինչ-որ բան իր տեղն ընկավ.
«Սկզբից այն հեշտ էր թվում, քանի որ մեր դասընթացավարն ամեն ինչ պարզ ու հավես էր բացատրում։ Մենք աշխատում էինք իրական տվյալներով և սովորում դրանք վերլուծել, տեսնում էինք, ինչպես էր յուրաքանչյուր ընտրություն փոխում արդյունքը։ Բայց կային պահեր, երբ ոչինչ քո պատկերացրածի պես չէր աշխատում։ Կարող էիր ամեն ինչ ճիշտ անել, և միևնույն է, մի բան սխալ էր ստացվում։ Այս անկանխատեսելիությունն ամեն ինչ ավելի ոգևորիչ ու կենդանի դարձրեց»։
Արևիկը ոգևորությամբ է խոսում ծրագրավորման մեջ իր առաջին քայլերից.
«Դասընթացներում լավագույն արդյունքներից մեկն ունեի, և դա ինձ օգնեց հասկանալ, որ իրականում ես կարող եմ դա անել. դժվարանում էի ընտրել դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտների միջև, բայց այդ փորձառությունն ինձ օգնեց որոշում կայացնել»։
2019 թվականին՝ Աշիշ Մոհիթի «Ստեղծիր քո 3D տպիչը» աշխատարանի ընթացքում, Արևիկն ու նրա թիմակիցները մշակել և կառուցել էին կավով աշխատող 3D տպիչ։ Այս տարի նախագիծը որակավորվեց Վահէ և Լյուսի մրցույթի տեխնոլոգիաների անվանակարգի համար, քանի որ հաղթողներն արդեն ընտրվում են 2018 թվականի հունվարից սկսած մինչև 2025 թվականի սեպտեմբերի դասընթացների և աշխատարանների արդյունքներից։ Իսկ նախկինում հաղթած նախագծերն այլևս չեն մասնակցում մրցույթին։ Այսպիսով մրցույթը դառնում է թարմ գաղափարների կիզակետ։
Նրանք սովորեցին 3D տպիչների մեխանիկան, ուսումնասիրեցին շարժման աշխատանքը, կոդավորեցին սարքը և յուրաքանչյուր մաս հավաքեցին ինքնուրույն։ Նրանք նաև ուսումնասիրեցին կավը՝ որպես տպելու էկոլոգիապես մաքուր նյութ, և փորձարկեցին այն իրենց նոր դիզայններով։
Այս տարի Արևիկի և նրա թիմակիցների նախագիծը զբաղեցրեց Վահէ և Լյուսի 2025 մրցույթի տեխնոլոգիական անվանակարգի երկրորդ տեղը։ «Շատ ուրախ էի և հաճելիորեն զարմացած հաղթելու համար, — ասում է Արևիկը, — առաջին անգամն էր, որ նման բան էր պատահում՝ 2019 թվականի աշխատարանի արդյունքի համար մրցանակ ստանալ վեց տարի անց»։
Աշխատարանի նախապայմանը ռոբոտաշինությունն էր կամ 3D մոդելավորումը, որոնցից երկուսն էլ Արևիկն արել էր. «Այդ պատճառով ես ակտիվ էի, երբ թե՛ տպիչի կառուցման, թե՛ 3D մոդելավորման աշխատանքներում»։ Նրա դիզայններից մեկը Koty-ն էր՝ մարդանման կատվի կերպար, որն ստեղծել էր Թումոյում։ «Այս աշխատարանում չմոռացանք Koty-ի մասին։ Բայց տպիչի սահմանափակումների պատճառով կարողացանք տպել միայն գլուխը։ Աշխատարանը շատ ինտենսիվ ու լարված էր։ Երբեք չեմ մոռանա այն պահը, երբ հաշվի չէինք առել էլեկտրական լարումը և արդյունքում՝ վառեցինք տպիչներից մեկն ու դասընթացավարի համակարգիչը»։
Արևիկի «Ուսումնասիրիր նյարդային միացումներ» աշխատարանի վերջնարդյունքը՝ վիզուալացված | Թումո Երևան, 2020
Հիմա, երբ Արևիկն ամերիկյան Tedly անշարժ գույքի ընկերությունում AI ինժեներ է, հետ նայելով կարող է ասել, որ Թումոն շրջադարձային էր իր համար. «Երբ նոր եկա Թումո, տեխնոլոգիաներից լավ չէի և առհասարակ սեր չունեի ոլորտի հանդեպ։ Հիմա դա իմ կյանքի անբաժան մասնիկն է»։
Նա կարծում է, որ շատ պատանիներ պետք է ուսումնասիրեն AI-ը.
«Արհեստական բանականությունն ամենաբարդ և ամենահետաքրքիր ոլորտներից է։ Այն ժամանակ չունեինք գեներատիվ AI ոլորտը։ Հիմա պատանիներն ավելի խորը կարող են այն ուսումնասիրել։ Բայց այն միևնույն է սկսվում է ծրագրավորումից։ Սկզբում պետք է սովորես հիմունքները։ Հենց որ դա անես, կարող ես կառուցել ամեն ինչ»։
Դասասենյակից դուրս Արևիկը հայտնի է մեկ այլ բանի՝ ռուբիկի խորանարդի համար.
«Արդեն ինը տարի ռուբիկ-կուբիկներ եմ հավաքում։ Անցած տարի սկսեցի զբաղվել speedcubing-ով՝ ռուբիկ-կուբիկը կարճ ժամանակում հավաքելով»։ Նա ունի ավելի քանի 30 ռուբիկ-կուբիկ՝ դասականներից մինչև հատուկ ձևերով։ Արևիկը Թումոյում նույնիսկ վարել է ռուբիկ-կուբիկի խմբակ.
«Շատ ուսանողների էի սովորեցնում հավաքել կուբիկը։ Սա տրամաբանությունը, օրինաչափությունները և խնդիրների լուծումը բացատրելու մեկ այլ, բայց հավես ու մրցակցային տարբերակ էր»։
Նոր թումոցիներին Արևիկի խորհուրդը սա է. «Ոչինչ մի՛ պլանավորեք։ Փորձե՛ք ամեն ինչ։ Ես այստեղ եկա պինգվիններ անիմացնելու համար, բայց այստեղից դուրս եկա՝ արհեստական բանականություն մշակելով։ Լավագույն բացահայտումները միշտ տեղի են ունենում, երբ չես սպասում»։
Արևիկի ավարտական հանդեսը | անձնական արխիվ, 2025
Այս տարի Արևիկը Հայաստանում պատմական պահի մաս դարձավ։ Նա դարձավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Արհեստական բանականությամբ համակարգեր» ծրագրի առաջին շրջանավարտներից մեկը՝ ստանալով ամենաբարձր գնահատականները և մագիստրոսական ընդունելության առաջ տեղը.
«Ոչ մի կրթական ուղի նախագծված չէր։ Մենք սովորում էինք մշակելու ընթացքում։ Թվում էր, թե ձևավորում ենք ոլորտ, որը Հայաստանը երբեք չէր ունեցել։ Սա պարզապես կրթական աստիճան չէ։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ է կանգնել գլոբալ AI տարածքում և նպաստել դրան»։
Արևիկի համար կարևոր չէ առաջինը լինելը։ Նրա համար կարևոր է տեսնելը, թե ինչ է սպասվում ապագայում և թե ինչպես են Հայաստանի երիտասարդներն այն կառուցելու։
Վերջիվերջո, Արևիկը չընտրեց արվեստի և տեխնոլոգիաների միջև։ Նա ապացուցեց, որ այս երկու ոլորտները երբեք էլ հակադիր չեն եղել։ Արհեստական բանականությունն աշխարհներ կառուցելու մեկ այլ ձև է։ Կոդավորումը պատմություն պատմելու մեկ այլ ձև է։ Պարզապես այնպես ստացվեց, որ նրա պատմությունը սկսվեց պինգվիններից։