ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--- մայիսի 2026 թվականի №-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №523-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններում (այսուհետ՝ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնների 2-րդ կետի 25-րդ ենթակետից հանել «և (կամ) կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագիր» բառերը.
2) Կանոնների 157-րդ կետից հանել «160-րդ կետով և» բառերը․
3) Կանոնների 158-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«158. 0.22 կՎ և 0.4 կՎ լարմամբ Միացման հայտ ներկայացրած առանձնատան և առանձին շինությունում գտնվող Դիմող անձի Սպառման համակարգի՝ Պայմանագրով Միացման դեպքում միացման աշխատանքները, ներառյալ` նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների, Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղակայման, փաստացի միացման ծախսերը (այսուհետ՝ միացման ծառայություն), իրականացնում է Բաշխողը` մինչև առանձնատան մուտքային կանգնակը` օդային գծով մուտքի դեպքում, կամ շինության արտաքին պատին տեղակայվող մուտքային վահանակը` մալուխային գծով մուտքի դեպքում։»․
4) Կանոնների 159-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) 0.4 կՎ լարման Բաշխման ցանցին միանալու դեպքում` Սպառման համակարգի էսքիզը կամ տարածքի հատակագիծը՝ Սպառման համակարգի միացման կետի կամ կետերի նշումով,»․
5) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 159-րդ կետի 6-րդ ենթակետը․
6) Կանոնների 159.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«159.1. Միացման վճարն այլ անձի կողմից վճարվելու դեպքում Բաշխողի, Դիմող անձի և վճարում կատարողի միջև կնքվում է եռակողմ պայմանագիր՝ Հանձնաժողովի հաստատած՝ Սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման պայմանագրի օրինակելի ձևի համաձայն, իսկ երրորդ կողմի մասնակցությամբ պայմանագրի կնքման դեպքում՝ դրանից բխող առանձնահատկությունները չպետք է հակասեն ԷԲՑ ու ԷՄԱ կանոններին։»․
7) Կանոնների 170-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«170. ԷԲՑ կանոնների 162-րդ կետում նշված պայմանագրով նախատեսված կանխավճարի վճարման օրվանից, բացառությամբ ԷԲՑ կանոնների 164-րդ կետում նշված դեպքերի, մինչև Դիմող անձին էլեկտրամատակարարման (դրա հնարավորության) ապահովման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել՝
1) Բաշխման ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` 15 աշխատանքային օրը, Բաշխման ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 50 օրը,
2) Բաշխման ցանցին 0,4 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` 15 աշխատանքային օրը, Բաշխման ցանցին 0,4 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 55 օրը,
3) Այն դեպքում, երբ 0,22 կՎ կամ 0,4 կՎ լարմամբ միացման համար պահանջվում է ավելի բարձր լարման էլեկտրատեղակայանքի կառուցում՝ 90 օրը։»․
8) Կանոնների 172-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«172. 0.22 կՎ և 0.4 կՎ լարմամբ առանձնատան և առանձին շինությունում գտնվող Դիմող անձը պարտավոր է ԷԲՑ կանոնների 170-րդ կետով սահմանված Միացման ժամկետում իր Սպառման համակարգն ապահովել էլեկտրաէներգիայի ընդունման համար անհրաժեշտ սարքավորումներով ու ենթակառուցվածքներով, մասնավորապես՝ ապահովել այն առանձնատան մուտքային կանգնակով` օդային գծով մուտքի դեպքում, կամ շինության արտաքին պատին տեղակայվող մուտքային վահանակով` մալուխային գծով մուտքի դեպքում և այդ մասին ծանուցել Բաշխողին։»․
9) Կանոնների 173-րդ կետում «՝ երեք, իսկ Բազմաբնակարան շենքերի միացման դեպքում յոթ» բառերը փոխարինել «երեք» բառով.
10) Կանոնների 177-րդ կետից հանել «և բարձր» բառերը․
11) Կանոնների 179-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«179. Դիմող անձի Սպառման համակարգը Բաշխման ցանցին միացվում է Բաշխողի կողմից տրամադրված Տեխնիկական պայմանների հիման վրա՝ Դիմող անձի միջոցներով հետևյալ դեպքերում.
1) Դիմող անձի սպառման համակարգը Բաշխման ցանցին ժամանակավոր միացնելու դեպքում (շինարարության պարագայում` մինչև շինարարության թույլտվության մեջ նշված շինարարության ավարտի ամսաթիվը, ժամանակավոր առևտրի պարագայում` առավելագույնը վեց ամիս ժամկետով)․
2) համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող 6 (10) կՎ լարման նոր կամ վերակառուցվող Սպառման համակարգը կամ նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի Սպառման համակարգի միացման դեպքում.
3) 6 (10) կՎ-ից բարձր լարման կամ համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմաններից դուրս գտնվող 6 (10) կՎ լարման նոր կամ վերակառուցվող Սպառման համակարգի միացման դեպքում.
4) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձի՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործումն ապահովող նոր կամ վերակառուցվող Սպառման համակարգի միացման դեպքում.
5) մինչև 0,5 կՎտ դրվածքային հզորությամբ և 0,22 կՎ անվանական լարմամբ Սպառման համակարգի միացման դեպքում, և, Դիմող անձն, իր հայեցողությամբ, ցանկություն է հայտնել Սպառման համակարգը Բաշխման ցանցին միացնել Տեխնիկական պայմաններ ստանալու միջոցով` առանց Հաշվառքի սարքի տեղակայման.
6) այլ դեպքերում՝ Հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ։».
12) Կանոնների 180-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«180. ԷԲՑ կանոնների 179-րդ կետով նախատեսված դեպքերում Դիմող անձը Բաշխողին է ներկայացնում հայտ, որը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.
1) ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, Սպառման համակարգի միացման հասցեն, հեռախոսահամարը, իսկ իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ` հարկ վճարողի հաշվառման համարը, Սպառման համակարգի միացման հասցեն, հեռախոսահամարը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ նաև Դիմող անձի էլեկտրոնային հասցեն,
2) ֆիզիկական անձի դեպքում` Սպառման համակարգի տեղակայման տարածքի (այդ թվում՝ շենքի, շինության, հողամասի) նկատմամբ Դիմող անձի իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձի դեպքում` Սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության, հողամասի) նկատմամբ Դիմող անձի իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթի պատճենը,
3) Սպառման համակարգի էսքիզը կամ տարածքի հատակագիծը՝ Սպառման համակարգի միացման կետի կամ կետերի նշումով, իսկ բազմաբնակարան շենքերի համար՝ նաև սպառման ներքին սխեման` էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի նշումով, շենքի հարկայնությունը, բնակարանների թիվը, շենքում տեղակայվող այլ սպառողների դրվածքային հզորությունը, շենքում տրամադրվող էլեկտրական վահանակի և Հաշվառքի սարքի տեղադրման տեղերը,
4) ճարտարապետահատակագծային առաջադրանքը, իսկ առկայության դեպքում՝ նաև շինարարության թույլտվությունը, առաջադրանքին կից Բաշխողի կողմից տրամադրված Տեխնիկական պայմանները, իսկ Տեխնիկական պայմանների հիման վրա Բաշխման ցանցին միացման աշխատանքային նախագծի մշակման դեպքում` նաև այդ նախագիծը,
5) շինարարության իրականացման նպատակով ժամանակավոր միացման համար Տեխնիկական պայմաններ ստանալու դեպքում՝ նաև շինարարության թույլտվությունը, եթե այն ստանալը պարտադիր է օրենսդրությամբ՝ հայտում կատարելով համապատասխան նշում Տեխնիկական պայմաններ տրամադրելու վերաբերյալ,
6) պահանջվող ակտիվ և ռեակտիվ հզորությունը (դրվածքային և օգտագործվող), լարման մակարդակը, միացման տեսակը, սպառման տեսակը (կենցաղային, ոչ կենցաղային), համակարգի տեխնիկական բնութագրերը, իսկ Դիմող անձի կողմից պահուստային սնուցմամբ ապահովման ցանկության դեպքում՝ նշում այդ մասին (ընդ որում՝ պահանջվող պահուստային հզորությունը չի կարող գերազանցել հիմնական սնուցման հզորությունը),
7) Կանոնների 179-րդ կետի 1-ին, 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ԷԲՑ կանոնների 159-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերի փոխարեն կարող է ներկայացվել Սպառման համակարգի տեղակայման վայրում Դիմող անձի գործունեությունը հավաստող փաստաթուղթ կամ պայմանագիր։».
13) Կանոնների 181-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«181. ԷԲՑ կանոնների 180-րդ կետով նախատեսված դիմումի ներկայացումից հետո Բաշխողը`
1) հինգ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան հիմնավորումներով, գրավոր մերժում է Տեխնիկական պայմանների տրամադրումը, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները չեն համապատասխանում ԷԲՑ կանոնների 180-րդ կետին կամ Տեխնիկական պայմանների տրամադրումը հակասում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին,
2) hայտի մերժման՝ սույն կետի 1-ին ենթակետում նախատեսված հիմքերի բացակայության դեպքում քսան աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Տեխնիկական պայմանները։».
14) Կանոնները լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 181.1-181.4-րդ կետերով․
« 181.1․ Տեխնիկական պայմանները տրամադրվում են մեկ տարի ժամկետով: Նախքան Տեխնիկական պայմանների գործողության ժամկետի ավարտը, Դիմող անձի դիմումի հիման վրա, այն կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ նույն ժամկետով, ինչպես նաև ԷԲՑ կանոնների 181.2-րդ կետով սահմանված դեպքում։ Տեխնիկական պայմանների գործողության ժամկետի երկարաձգման դիմումը մերժվում է, եթե տեխնիկական պայմանների գործողության ժամկետի երկարաձգումը հակասում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին։
181.2․ ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում ստացված Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը համարվում է երկարաձգված տվյալ Սպառման համակարգի համար տրամադրված շինարարության թույլտվության ժամկետին համապատասխան (ներառյալ՝ երկարաձգումները): Այդ դեպքում Դիմող անձը պարտավոր է Սպառման համակարգի համար տրամադրված շինարարության թույլտվության (ներառյալ՝ երկարաձգումները) պատճենը, նախքան Տեխնիկական պայմանների գործողության ժամկետի ավարտը, ներկայացնել Բաշխողին։ Նշված պարտավորության չկատարման դեպքում Տեխնիկական պայմանները, դրանց գործողության ժամկետի ավարտից հետո, համարվում են ուժը կորցրած։
181.3. Այն դեպքերում, երբ Տեխնիկական պայմաններով միացման կետի տրամադրումը, ելնելով Դիմող անձի համար նվազագույն ծախսերով իրականացնելու սկզբունքից, ավելի նպատակահարմար է իրականացնել այլ Տեխնիկական պայմանների հիման վրա այլ Դիմող անձի կողմից կառուցման ենթակա ենթակառուցվածքից, Բաշխողն այդ մասին համապատասխան նշում է կատարում Տեխնիկական պայմաններում։
181.4. ԷԲՑ կանոնների 179-րդ կետով նախատեսված դեպքերում էլեկտրատեղակայանքների կառուցման աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից՝ Բաշխողի կողմից տրամադրված տեխնիկական պայմաններին, ԷԲՑ կանոններին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեխնիկական կանոններին, իսկ ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ նաև Բաշխողի հետ համաձայնեցված նախագծին համապատասխան: Բաշխողը, նախագիծը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում, տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է այն՝ համապատասխան գրավոր հիմնավորումներով:».
15) Կանոնների 183-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«183. Դիմող անձը պարտավոր է Տեխնիկական պայմանների գործողության ժամկետում՝
1) ապահովել Բաշխողի կողմից տրամադրված տեխնիկական պայմաններին, ԷԲՑ կանոններին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեխնիկական կանոններին, իսկ ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ նաև Բաշխողի հետ համաձայնեցված նախագծին համապատասխան էլեկտրամատակարարման ցանցի (այդ թվում՝ էլեկտրատեղակայանքների) կառուցումը և տեղակայումը.
2) Բաշխողին ծանուցել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գործողությունները կատարելու մասին, ինչպես նաև բաշխողին ներկայացնել՝
ա. 6 (10) կՎ և բարձր լարմամբ ցանցին միանալու դեպքում՝ պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացության (թույլտվության) պատճենը,
բ. էլեկտրատնտեսության գծով պատասխանատուներին և միագծանի ուրվակը, եթե տեխնիկական կանոններով սահմանվում է նման պահանջ,
գ. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերով սահմանված կարգով ծածկված աշխատանքների ակտը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է նման ակտ,
դ. տեղադրված էլեկտրատեղակայանքների, սարքավորումների, ապարատների, տեխնիկական մեքենաների և օգտագործված նյութերի փորձարկման արձանագրությունը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է նման պահանջ,
ե. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հեղինակային կամ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի եզրակացությունների պատճենները,
զ. ավարտական ակտ ստացած բազմաբնակարան շենքերի կառուցապատողների դեպքում՝ նաև ավարտական ակտի պատճենները,
է. կառուցված էլեկտրատեղակայանքների (այդ թվում՝ հողամասի, շենքի, շինության) նկատմամբ Դիմող անձի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է նշված իրավունքների պետական գրանցում, իրավասու մարմնի կողմից տրամադրված էլեկտրատեղակայանքների (այդ թվում՝ հողամասի, շենքի, շինության) հատակագծի պատճենը, իսկ դրա բացակայության դեպքում՝ համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված հատակագիծը,
ը. Դիմող անձի կողմից Բաշխողին օտարման ենթակա՝ Տեխնիկական պայմանների համաձայն կառուցված ու տեղակայված էլեկտրատեղակայանքների ցանկը և դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերը,
թ. ԷԲՑ կանոնների 183.5-րդ կետով նախատեսված առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը։».
16) Կանոնները լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 183.1-183․7 կետերով․
«183.1. Բաշխողը, ԷԲՑ կանոնների 183-րդ կետով նախատեսված փաստաթղթերը Դիմող անձի կողմից ներկայացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ԷԲՑ կանոնների 183.2-րդ կետով նախատեսված դեպքի, իրականացնում է փաստացի միացումը, եթե առկա չեն Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի պահանջներին անհամապատասխանություններ, իսկ դրանց առկայության դեպքում գրավոր ծանուցում է Դիմող անձին՝ ներկայացնելով հիմնավորումները։
183.2. ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում Բաշխողը, ԷԲՑ կանոնների 183-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է կառուցված էլեկտրատեղակայանքների և կատարված աշխատանքների զննումն ու փորձարկումը՝ կազմելով կատարված գործողությունների վերաբերյալ արձանագրություն։ Դիմող անձը պարտավոր է ապահովել, որպեսզի Բաշխողի անձնակազմը հնարավորություն ունենա իրականացնել կառուցված էլեկտրատեղակայանքների ու կատարված աշխատանքների զննումը և փորձարկումը:
183.3. ԷԲՑ կանոնների 183.2-րդ կետով նշված արձանագրությունը կազմելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Բաշխողը Դիմող անձին գրավոր ծանուցում է ԷԲՑ կանոնների 183.6-րդ կետով սահմանված պայմանագրի կնքման պատրաստակամության մասին, եթե կառուցված կամ տեղակայված էլեկտրատեղակայանքներում և կատարված աշխատանքներում թերություններ չեն հայտնաբերվել։ Թերություններ հայտնաբերելու դեպքում՝ Բաշխողը, երեք աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր ծանուցում է Դիմող անձին՝ նշելով հայտնաբերված թերությունները:
183.4․ ԷԲՑ կանոնների 183.3-րդ կետով նախատեսված դեպքում Բաշխողի կողմից հայտնաբերված թերությունները Դիմող անձի կողմից վերացվելուց հետո Դիմող անձն այդ մասին ծանուցում է Բաշխողին:
183.5․ ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում Սպառման համակարգը Բաշխման ցանցին միացվում է Դիմող անձի կողմից կառուցված էլեկտրատեղակայանքների նկատմամբ սեփականության իրավունքը Բաշխողին օտարելուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում։ Կառուցված էլեկտրատեղակայանքներն առուվաճառքի պայմանագրի հիման վրա օտարվում են Բաշխողին 100 000 (հարյուր հազար) դրամ արժեքով, որի արդյունքում Բաշխողի և Դիմող անձի միջև ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ:
183.6. ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում Դիմող անձի կողմից Բաշխողին ենթակա են հանձնման մինչև սահմանազատման կետը կառուցված ենթակառուցվածքները: Սույն կետի իմաստով սահմանազատման կետ է համարվում.
1) 6(10) կՎ լարմամբ Միացման հայտ ներկայացրած Դիմող անձի դեպքում` մինչև Դիմող անձին սնող ենթակայանի մուտքային կոմուտացիոն սարքի սեղմակները` մալուխային գծի դեպքում, և տեղակայվող վերջին հենասյան մեկուսիչները` օդային գծով սնման դեպքում.
2) բազմաբնակարան շենքերի դեպքում՝ մինչև միաֆազ և եռաֆազ հաշվիչների ելքերը։
183.7․ Այն դեպքերում, երբ ԷԲՑ կանոնների 183.5-րդ կետի համաձայն Բաշխողին էլեկտրատեղակայանքի օտարման գործարքի կնքման համար անհրաժեշտ է այդ իրավունքների նոտարական գրանցում և (կամ) պետական գրանցում, այդ ծախսերն իրականացնում է Բաշխողը։»․
17) Կանոնների 223-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «(բացառությամբ՝ 6 (10) կՎ և բարձր լարման ենթակառուցվածքների կառուցման)» բառերը․
18) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 225-րդ, 227-րդ և 228-րդ կետերը․
19) Կանոնների 226-րդ կետում «հավասար» բառից հետո լրացնել «, իսկ մինչև 2008 թվականի հունվարի 15-ը և 2026 թվականի մայիսի 15-ից հետո կառուցված բազմաբնակարան շենքի դեպքում՝ բազմաբնակարան շենքի առանձնացված միավորների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականության իրավունքի գրանցման օբյեկտ դառնալուց հետո նշված միավորների սեփականատերեր հանդիսացող անձանց կողմից դրանց վերակառուցման արդյունքում ավելացվող նոր միավորների սպառման համակարգերի Բաշխման ցանցին միացման վճարներն ընդունվում են համապատասխանաբար՝ 59 000 և 166 000 դրամ» բառերը․
20) Կանոնների 290-րդ կետի 2-րդ և 6-րդ ենթակետերը շարադրել համապատասխանաբար հետևյալ խմբագրությամբ․
«2) Նոր տրանսֆորմատորներ տեղակայելու դեպքում ընտրել լարումը կարգավորելու կարողությամբ նոր տրանսֆորմատորներ։ Տեղակայվող յուղային տրանսֆորմատորները պետք է լինեն հերմետիկ կատարմամբ։ Բազմաբնակարան շենքերի ներսում կամ անմիջապես դրանց կից տեղակայվող ենթակայաններում օգտագործել բացառապես «չոր» տիպի տրանսֆորմատորներ,»,
6) 0,4 կՎ և 6(10) կՎ լարման օդային գծերը պետք է կառուցվեն բացառապես ինքնակրող մեկուսացված հաղորդալարերով, իսկ ստորգետնյա մալուխային գծերի համար պետք է կիրառել բացառապես ԱՊՎՊ տիպի (պոլիէթիլենային մեկուսացմամբ) կամ ԱՎՎԳ տիպի մալուխներ,»․
21) Կանոնների 290-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 11-րդ ենթակետով․
«11) Բոլոր նախագծերում ներառել ռելեական պաշտպանության սարքվածքներ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեխնիկական կանոններին համապատասխան:»․
22) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 293-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը․
23) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների №4 հավելվածի 2-րդ և 3-րդ գլուխները․
24) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների №4 հավելվածի Աղյուսակ №1-ի 3-րդ՝ «Միացման ուժեղացում» տողը։
25) Կանոնների №4 հավելվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 1.1-րդ կետով․
«1.1․ Այն դեպքում, երբ Դիմող անձը պահանջում է 10 կՎԱ-ից 14 կՎԱ միացման հզորացում, ապա միացման վճարը հաշվարկվում է Աղյուսակ N 1-ով սահմանված 14 կՎԱ-ի ստանդարտ միացման վճարի և 10 կՎԱ-ի համար սահմանված ստանդարտ միացման վճարի տարբերությամբ։»․
26) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների №4հավելվածի Աղյուսակ №3-ի 3-րդ և 4-րդ կետերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ
ք. Երևան
--- մայիսի 2026թ.
-
Տևողություն
07.05.2026 22.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հանրային ծառայություն
-
Գերատեսչություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
-
Կարգավիճակ
Դիտումներ` 276
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: